Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 23

:
Armenian - NEA
1 Դավթին հայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։
2 Դավիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»։ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կեիլան»։
3 Դավթի մարդիկ նրան ասացին. «Մենք այստեղ՝ Հուդայի երկրի մեջ, վախենում ենք։ Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե գնանք Կեիլա ու այլազգիներին գերի դառնանք»։
4 Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։
5 Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և մարտնչեց այլազգիների դեմ, որոնք նրա առջևից փախան։ Նա մեծ հարվածներ հասցրեց նրանց, վերցրեց նրանց անասունները և փրկեց Կեիլայի բնակիչներին։
6 Աքիմելեքի որդի Աբիաթարը, որ Դավթի մոտ էր փախել, Դավթի հետ իջավ Կեիլա՝ իր ձեռքին ունենալով եփուդը։
7 Սավուղին հայտնեցին, թե Դավիթը եկել է Կեիլա։ Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, քանի որ քաղաք մտնելով՝ փակվել է դռների ու նիգերի հետևում»։
8 Սավուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կեիլա և բռնել Դավթին ու նրա մարդկանց։
9 Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։
10 Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր՝ Աստված Իսրայելի, քո ծառան լսեց, որ Սավուղն ուզում է հարձակվել Կեիլայի վրա և իմ պատճառով կործանել քաղաքը։
11 Ինչպես քո ծառան լսել է, արդյոք Սավուղը հիմա կիջնի՞ այստեղ, կպաշարի՞։ Հայտնի՛ր քո ծառային, Տե՛ր՝ Աստվա՛ծ Իսրայելի»։ Տերն ասաց. «Կպաշարի»։
12 Դավիթն ասաց. «Արդյոք կեիլացիներն ինձ և իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնե՞ն»։ Տերն ասաց. «Կմատնեն»։
13 Դավիթն ու նրա հետ եղող մարդիկ, մոտավորապես չորս հարյուր մարդ վեր կացան, ելան Կեիլայից ու գնացին, ուր կարող էին գնալ։ Երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, նա հրաժարվեց քաղաքի վրա հարձակվելուց։
14 Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։
15 Երբ Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նորում՝ Զիփի միգապատ լեռան վրա։
16 Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Նոր՝ Դավթի մոտ, և նրան ուժ տվեց Տիրոջ անունով։
17 Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։
18 Նրանք երկուսով ուխտ արեցին Տիրոջ առջև։ Դավիթը մնաց Նորում, իսկ Հովնաթանը գնաց իր տունը։
19 Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը՝ Սավուղի մոտ, և ասացին. «Չէ՞ որ Դավիթն ահա մեզ մոտ է թաքնված, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի աջ կողմը։
20 Արդ, ո՛վ արքա, քանի որ դու շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մոտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը հանձնենք»։
21 Սավուղը նրանց ասաց. «Օրհնյալ եք դուք Տիրոջից, քանի որ ցավակից եք ինձ։
22 Արդ, գնացե՛ք, ավելի լա՛վ պատրաստվեք, դիտե՛ք ու հայտնաբերե՛ք, թե նա որտեղ ոտք կդնի։ Շո՛ւտ հասեք այն տեղը, որտեղ ասում եք, թե նա գտնվում է։ Չլինի, թե նա խորամանկություն անի։
23 Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։
24 Եվ զիփացիները վեր կացան ու գնացին Սավուղի մոտից։ Դավիթը և նրա մարդիկ երեկոյան Մաոնի անապատում էին՝ Հեսեմոնի աջ կողմում։
25 Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։
26 Սավուղն ու իր մարդիկ գնում էին լեռան այս կողմով, իսկ Դավիթն իր մարդկանցով՝ լեռան այն կողմով։ Դավիթը Սավուղից թաքուն էր գնում, սակայն Սավուղն ու իր մարդիկ Դավթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։
27 Եվ ահա մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետև այլազգիները արշավել են երկրի վրա»։
28 Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա այլազգիների դեմ։ Այդ պատճառով այս վայրը կոչվեց Բաժանված վեմ։